Իսրայելի առավելագույն նպատակն Իրանի, որպես ազգային պետություն, վերացումն է․ Համիդռեզա Ազիզի

13 ր.   |  2025-07-14

Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմը նոր մարտահարավերներ և փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանում։ Պատերազմի հնարավոր դրդապատճառների, ընթացքի և հետևանքների մասին զրուցել ենք Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտի իրանցի հրավիրյալ գիտաշխատող Համիդռեզա Ազիզիի հետ։ 

-Պարոն Ազիզի, հունիսին Իրան-Իսրայել հակամարտությունում բոլորովին նոր իրավիճակի ականատես եղանք։ Ի տարբերություն նախորդ տարում մի քանի անգամ արձանագրված մեկօրյա փոխադարձ հարվածների՝ ռազմական գործողություններն այս անգամ տևեցին տասներկու օր։ Սպասելի՞ էր այս պատերազմը՝ հաշվի առնելով, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները ընթացքի մեջ էին, և հունիսի 15-ին պետք է կայանար հերթական հանդիպումը։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը այդ բանակցությունները ձախողելու փո՞րձ էր, թե՞ բանակցությունների անարդյունավետության հետևանք։

-Տարբեր վերլուծություններ կան, թե ինչու սա տեղի ունեցավ բանակցությունների ընթացքում։ Մեկը՝ Ձեր նշած վարկածն է. այսինքն՝ Իսրայելը չէր ցանկանում, որ բանակցություններն արդյունք տան։ Սա նախադեպ ունի՝ միջուկային նախորդ բանակցությունների ժամանակ ևս ոչ միայն Իսրայելը, այլ նաև Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ դեմ էին այդ գործընթացին։ Նրանց համոզմամբ՝ Իրանի և ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը իրենց օգտին չէ։ Իսրայելը մշտապես մտահոգություն է ունեցել, որ միջուկային խնդրի մեկուսացված քննարկումը, առանց հրթիռային կամ տարածաշրջանային ազդեցության հարցերին անդրադառնալու, բավարար չէ։ Սա մի վերլուծությունն է։ 

Այժմ, երբ վերլուծում եմ իրավիճակը պատերազմից հետո՝ նկատի առնելով ԱՄՆ դիրքորոշումը թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո, կարծում եմ՝ այն պետք է դիտարկվի, այսպես կոչված, «տարածաշրջանի դեմքը փոխելու» կոնցեպտի համատեքստում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ իրենք փոխել են տարածաշրջանի դեմքը և դա շարունակելու են անել։ Իսրայելի կառավարության տեսանկյունից՝ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումը լուրջ մարտահրավեր էր։ Այդպիսին էր դիտարկվում նաև դիմադրության առանցքում Իրանի մյուս դաշնակիցների արձագանքը։ Իսրայելը կարողացավ ազդեցիկ կերպով դիմակայել այդ մարտահրավերներին՝ զգալիորեն նվազեցնելով այդ առանցքի խմբավորումների կարողությունները, և հիմա նրանք ոսկյա հնարավորություն են տեսնում, տեսել են և շարունակում են տեսնել, որ մեկընդմիշտ վերացնեն նաև իրենց հիմնական անհանգստությունը։ Փաստացի, սա Իսրայելի համար տարածաշրջանի կարգը փոխելու ոսկե հնարավորություն է, ինչպես նաև ԱՄՆ համար։ Եթե այս համատեքստում դիտարկենք ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, ապա, օրինակ, Բարաք Օբամայի համար Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր՝ ՀԳՀԾ) դիտարկվում էր որպես հնարավորություն՝ Իրանը ներառելու այնպիսի տարածաշրջանային կարգի մեջ, որը հիմնված է «փափուկ հավասարակշռության» (soft balance) վրա։ Այսինքն՝ սկզբում վերացվում էր միջուկային մտահոգությունը, հետո մյուս հարցերը՝ կնքելով ՀԳՀԾ 2 և այլն։ Ջո Բայդենի վարչակազմն Իրանի նկատմամբ հստակ և հետևողական քաղաքականություն չուներ։ Հիմա Դոնալդ Թրամփն իր նախագահության նոր շրջանում առաջ է անցել նախկինում ունեցած նպատակներից։ Խոսքն այժմ Իսրայելի հեգեմոնիայով տարածաշրջանային կարգի մասին է։ Այլ կերպ ասած, ԱՄՆ-ում ձևավորվել է համոզմունք, որ տարածաշրջանում ամերիկյան շահերի երաշխավորը Իսրայելի գերակայությունն է։ Այս համոզմունքը կա՛մ հենց Թրամփինն է, կա՛մ Նեթանյահուի ազդեցության հետևանք է։ Եվ երբ Թրամփն այժմ ասում է, որ ցանկանում է Իրանի հետ համապարփակ համաձայնագիր, դա նշանակում է հետևյալը. կամ Իրանը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի գոյությունը, կամ այնքան է թուլանում, որ այլևս ի վիճակի չէ տարածաշրջանում դերակատարում ունենալ։

Սա կա՛մ Թրամփի համոզմունքն է, կա՛մ Նեթանյահուն է նրան համոզել, որ ԱՄՆ-ի լիարժեք ներգրավվածությունն անհրաժեշտ չէ։ Բավարար է միայն քաղաքական աջակցությունը, տնտեսական ճնշումը և կետային ռազմական ներգրավվածությունը։ Այն, ինչ արդեն իրականացվել է՝ կետային հարվածները, ըստ նրանց, բավարար են, որպեսզի Իսրայելը հաստատի իր գերիշխանությունը։

Եթե այս տեսանկյունից ենք նայում՝ Իրանի և Իսրայելի պատերազմն անխուսափելի էր։ Բանակցությունների հետ կապ չուներ։ Բանակցությունները հիմք էին ծառայում, որ Իրանն ընդունի դա։ ԱՄՆ-ում և Իսրայում կար ընկալում, որ Իրանը անդառնալիորեն թուլացել է, ինչը ճիշտ է՝ տարածաշրջանային տեսանկյունից թուլացել է։ Իրանը կա՛մ պետք է ընդուներ նոր կարգը բանակցությունների միջոցով, կա՛մ պատերազմի արդյունքում։ Թրամփը պատերազմից առաջ էլ և հետո էլ ասում էր՝ Իրանը պետք է հանձնվի։ Իմ կարծիքով՝ պատերազմը ԱՄՆ դիվանագիտության շարունակությունն էր և ոչ թե հակասող գործընթաց։ 

-Բանակցությունների վերաբերյալ մենք երկու կողմից էլ շարունակում ենք հակառակ մոտեցումներ լսել։ Ինչպես նշեցիք՝ Թրամփը հայտարարում է, որ Իրանը պետք է հանձնվի և ընդունի իրենց պահանջները, իսկ Թեհրանն էլ հայտարարում է, որ պետք է հարգեն ուրան հարստացնելու իրենց իրավունքը և երաշխավորեն, որ բանակցությունների ընթացքում նորից Իրանի դեմ ռազմական ուժ չի կիրառվելու։ Այս պայմաններում արդյո՞ք կա հավանականություն, որ Իրանը նորից կգնա բանակցությունների։

- Իրանն այժմ գտնվում է դժվարին դրության մեջ՝ թե՛ տարածաշրջանում իրեն հասցված վնասների, թե՛ ռազմական, և թե՛ միջուկային տեսանկյունից։ Թեև Իրանում հավատացած են, որ այդ վնասը հնարավոր է վերականգնել, սակայն այն պայմաններում, երբ նա այլևս չի վերահսկում իր օդային տարածքը, և հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է, ցանկացած քայլ, ուղղված միջուկային կարողությունների վերականգնմանը, անխուսափելիորեն կհանդիպի հակառակ կողմի արձագանքին։

Այս իրավիճակում Իրանը կանգնած է դիլեմայի առջև։ Մի կողմից՝ նա վստահություն չունի բանակցային գործընթացի հանդեպ․ իրանական կողմի համոզմամբ՝ ԱՄՆ-ն և Իսրայելը բանակցությունները որպես քող են օգտագործել իրենց հարձակումներն իրականացնելու համար։ Բայց մյուս կողմից՝ թե՛ միջուկային, թե՛ ռազմական կարողությունների վերականգնումը ժամանակատար գործընթաց է։

Հետևաբար, անկախ նրանից՝ Իրանը բանակցություններին մասնակցում է մարտավարական, թե ռազմավարական հաշվարկով, դա այսօր միանշանակ անհրաժեշտություն է։

Իրանական ընկալումն այն է, որ հարկավոր է ներգրավվել բանակցությունների գործընթացում՝ միաժամանակ ցուցադրելով, որ Իրանը այնքան էլ թույլ չէ, որքան ԱՄՆ-ն ու Իսրայելը կցանկանային կարծել։ Վերջին զարգացումները, իրենց տեսակետից, հենց դա ապացուցեցին։ Եվ Իրանն իսկապես կարողացավ հասցնել ազդեցիկ հարվածներ։  Իրանում ակնկալում են, որ բանակցությունների գնալով կամ հակառակ կողմը կընդունի, որ Իրանի նկատմամբ ռազմական ճանապարհով նպատակների հասնելը անհնար է, և ստիպված կլինի ընդունել Իրանի որոշ պահանջներ ու կարմիր գծեր (օրինակ՝ ուրանի հարստացման իրավունքը), կամ գոնե Իրանը ժամանակ կշահի վերականգնվելու համար։

-Պատերազմի ժամանակ Իսրայելի հարվածների բովանդակությունը դիտարկելիս մեզ համար ակնհայտ է, որ թիրախում միայն միջուկային օբյեկտները չէին, այլև ռազմաբազաներ, հրթիռային օբյեկտներ ընդհուպ մինչև տնտեսական ենթակառուցվածքներ։ Ավելին, այդ հարվածները զուգորդվել են նաև Իրանի հասարակությանն ուղղված պարբերաբար կոչերով առ այն, որ սա բացառիկ հնարավորություն է վարչակարգը փոխելու համար։ Ելնելով Իսրայելի գործողութունների բազմաշերտ բնույթից՝ որո՞նք էին այս երկրի հիմնական նպատակները 12-օրյա պատերազմի ընթացքում։ Հասա՞վ Իսրայելն այդ նպատակներին։

-Կարծում եմ՝ այստեղ կարելի է տարբերել նվազագույն և առավելագույն նպատակներ։ Նվազագույն նպատակներն իրականացվել են՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը հետաձգվել է, ռազմական կարողություններին հասցվել է զգալի վնաս։ Ավելի բարձր նպատակ կլիներ, օրինակ, եթե ԱՄՆ հարձակումների հետևանքով Իրանի միջուկային կարողություններն ամբողջությամբ ոչնչացվեին։ Բայց սա Իսրայելի համար ժամանակավոր իրադրություն է։

Քանի դեռ գոյություն ունի Իսլամական Հանրապետություն՝ իր գաղափարախոսությամբ, որը պաշտոնապես չի ճանաչում Իսրայելն ու խոսում է նրա ոչնչացման մասին, անկախ այն բանից՝ դա հռետորաբանություն է, թե ռազմավարություն, Իսրայելի համար դա մշտական սպառնալիք է։ Այդ սպառնալիքը վերանալու է միայն այն դեպքում, երբ այդ համակարգն այլևս գոյություն չունենա։

Բայց կարծում եմ՝ Իսրայելի նպատակներն այսքանով չեն սահմանափակվում։ Նեթանյահուն բազմիցս նշել է տարածաշրջանի կարգը փոխելու իր նպատակը։ Իսկ կարգը փոխվում է միայն այն դեպքում, երբ մյուս տերությունները կամ սեփական ցանկությամբ, կամ ուժի կիրառմամբ, ընդունում են այդ նոր կարգը, և տարածաշրջանում այլևս չի մնում որևէ ուժ, որը կարող է մարտահրավեր նետել այդ կարգին։ Այդ առումով՝ Իրանը, որպես միասնական և ուժեղ պետություն, սպառնալիք է Իսրայելի համար։

-Անկախ նրանից կլինի Իսլամական հանրապետությո՞ւն, թե այլ վարչակարգ։ 

- Այո։ Եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ շատ բաներ, որոնք այսօր անում է Իսլամական հանրապետությունը, նախկինում արել է նաև շահը։ Իրանի միջուկային ծրագիրը հենց շահի օրոք է սկսվել։ Տարածաշրջանային ներգրավվածության օրինակներ էլ կան։ Ինչպես Իսլամական Հանրապետությունը դերակատարում ունեցավ Սիրիայում, շահը նման դեր խաղացել էր Օմանում։ Լիբանանում Իսլամական հանրապետությունը սատարեց Հեզբոլլահին, իսկ շահը՝ «Ամալ» շարժմանը։ Անգամ ռազմական ծրագիրը․ շահն էլ ուներ տարածաշրջանում հեգեմոն դառնալու հավակնություն։ Այնպես որ, եթե գաղափարախոսությունն էլ վերացնենք, գործ ունենք աշխարհաքաղաքական տրամաբանության հետ։ Իրանի աշխարհագրական դիրքը և ռեսուրսները նրան բնականորեն դնում են տարածաշրջանում առանցքային դերակատարի դիրքում։ Դա մի բան է, ինչը այլ տերություններ չեն կարող ընդունել։ Իրանի տարածաշրջանային մրցակիցների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և մյուսների համար սա սպառնալիք է։ Այդ իսկ պատճառով նրանց համար թուլացած Իսլամական հանրապետությունը բավարար է, քանի որ նրանք անմիջական հարևաններ են, և Իրանի անկայունությունը կարող է արագ անդրադառնալ իրենց վրա։ Ուստի իրենց համար առավել ընդունելի է պատժամիջոցների տակ գտնվող, տնտեսական և ռազմական իմաստով սահմանափակված Իրանը, որը չի կարողանա մարտահրավեր նետել։ Բայց Իսրայելի համար սա բավարար չէ։ Եթե Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան ունեն աշխարհաքաղաքական խորություն, Իսրայելը չունի այդ առավելությունը։ Նրա ազդեցությունը հիմնված է տեխնոլոգիական և ռազմական ունակությունների վրա։ Եվ հենց այդ պատճառով՝ Իսրայելի տեսանկյունից Իրանը, որպես պետություն, այս աշխարհագրությամբ և այս ռեսուրսներով, անկախ նրանից թե ինչ վարչակարգ է այնտեղ իշխում, ապագայում վերականգնվելու և հեգեմոն դառնալու բնական ձգտում է ունենալու։ Իսրայելը ձգտում է դա կանխել։ Սա նրա առավելագույն նպատակն է։ Այս մտահոգությունը նաև իր արտահայտությունն է գտել Իրանում, որ Իսրայելի նպատակը զուտ վարչակարգի փոփոխությունը չէ,  այլ, որպես ազգային պետություն, Իրանի ոչնչացումը։ Այդ պատճառով էլ շատ իրանցիներ՝ չնայած Իսլամական հանրապետության նկատմամբ ունեցած դժգոհություններին, պատերազմի ընթացքում կտրուկ դեմ արտահայտվեցին արտաքին հարձակումներին։ Այստեղ դրսևորվեց իրանցիների հայրենասիրությունը, ինչը միավորեց նրանց։

- Դուք համաձա՞յն եք Իրանի իշխանությունների այն գնահատականին, որ պատերազմի օրերին Իրանի ժողովուրդը, անգամ ներքին ու արտաքին ընդդիմությունը դրսևորել է ազգային միասնություն ու համերաշխություն։

-Համաձայն եմ, ամեն ինչ դա է փաստում։ Արտաքին ընդդիմությունից միայն մեկ թևն է անմիջական աջակցել Իսրայելին՝ Ռեզա Փահլավին։ Մյուսները, թեև քննադատեցին Իսլամական հանրապետությանը երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար, սակայն չաջակցեցին Իսրայելի գործողություններին։ Նույնիսկ Մոսթաֆա Թաջզադեն, որն Իրանում հայտնի ընդդիմադիր գործիչ է, հենց բանտից դատապարտեց Իսրայելի գործողությունները։ Իրանցիների մեջ ձևավորվեց մի ընդհանուր զգացում, որ բոլորը մի նավի մեջ են, և եթե այդ նավը վնասվի, բոլորը միասին են խորտակվելու։ Այսինքն՝ հակասությունները Իսլամական հանրապետության հետ շարունակվում են, բայց դա չի նշանակում, թե իրանցիները աջակցում են Իսրայելի գործողություններին։

- Իսկ այդ միասնությունը կպահպանվի՞ մոտ ապագայում, թե՞ հակառակ գործընթացն է սպասվում՝ հասարակական դժգոհություններ, ցույցեր։ Նման ցուցիչներ նկատելի՞ են։

-Պատմականորեն Իրանում արտաքին ճնշումների պայմաններում ժողովուրդը միավորվել է։ Բայց քանի դեռ խնդրի արմատները չեն լուծվել, դժվար է ասել՝ այդ միասնությունը երկարաժամկետ կլինի։ Տնտեսական խնդիրները մնում են, պատժամիջոցներն էլ գուցե ավելի սաստկանան։ Քաղաքական ու սոցիալական դժգոհությունները շարունակվում են։ Հենց դրա համար էլ երկրի ներսում վարչակարգի քննադատները կոչ են անում օգտվել այս հնարավորությունից, և ազատել քաղբանտարկյալներին, բարելավել հանրային մթնոլորտը։ Հակառակ դեպքում նույն ցիկլը կարող է կրկնվել։

-Միաժամանակ ականատես ենք լինում, որ պատերազմից հետո Իրանի խորհրդարանը օրենք է քննարկում, որով Իսրայելի և այլ երկրների հետ համագործակցության համար պատիժը խստացվում է։ Նույն նախագծով պատիժ է սահմանվում նաև «հասարակության բարոյահոգեբանական անդորրը խախտելու», կեղծ լուրեր տարածելու համար։ Սա ադյո՞ք չի նշանակում, որ վերահսկողությունն ուժեղացնում են, այլ ոչ հակառակը։ 

-Առայժմ Սահմանադրության պահապանների խորհուրդը վերապահումներով ետ է ուղարկել և դեռ չի հաստատել օրենքը։ Բայց վերահսկողությունը, բնականաբար, ավելացել է։ Պատերազմական պայմաններում շատ ձերբակալություններ են եղել։ Բայց կարևոր է տեսնել, թե այդ գործողությունները կետային էին, թե համակարգային։ Եթե այդ օրենքը հենց այդպես հաստատվեր, դա կլիներ արդեն համակարգային։ Ուստի առանցքային է այն, որ եթե առաջիկայում նման օրենքներ հաստատվեն, իրավիճակը կբարդանա։ Ամեն դեպքում, պետք է նկատել, որ համակարգի ներսում էլ կան տարաձայնություններ։ Կոռուպցիայի, ներքին մրցակցության պայմաններում որոշ շրջանակներ փորձում են պատասխանատվությունից խուսափել։ Օրինակ՝ աֆղանցիների զանգվածային արտաքսման հարցը։ Գուցե առանձին դեպքերում հնարավոր է ներգրավվածություն եղել է դիվերսիաների կամ լրտեսության գործում։ Բայց երբ խոսքը գնում է երկրի բարձրագույն հրամանատարության և միջուկային գիտնականների վերացման մասին, ակնհայտ է՝ խնդիրը համակարգային ներթափանցման մեջ է։ Եվ հիմա համակարգի ներսում այդ մարդիկ, որպեսզի չբացահայտվեն, որպեսզի պատասխանտվություն չկրեն, ամբողջ մեղքը բարդում են աֆղանցիներ վրա։ Սա ցույց է տալիս, որ իշխանական վերնախավում չկա միասնականություն՝ խնդիրների արմատները հասկանալու և դրանք լուծելու ուղղությամբ։ Քանի դեռ նման կամք չի ձևավորվել, լուրջ փոփոխություն դժվար է սպասել։

-Եթե անդրադառնանք Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածներին, տեսանելի էր, որ Իրանի հարվածները համարժեք չէին, բայց անհետևանք էլ չէին։ Առհասարակ Իրանն համարժեք պատասխանելու խնդիր դրե՞լ էր իր առջև։ Ո՞րն էր Իրանի հիմնական նպատակը այս պատերազմի ընթացքում։ 

-Իրանի ողջ ռազմական դոկտրինը հիմնված է «պատասխանելու և պատժելով զսպելու» սկզբունքի վրա (deterrence through punishment)։  Իրանի նպատակն է եղել ցույց տալ, որ եթե իր դեմ հարձակում լինի, ծանր պատասխան է հաջորդելու։ Այս պատերազմի ընթացքում էլ նպատակը եղել է զսպելը, ոչ թե Իսրայելին պարտության մատնելը։ Իրանի նպատակն այն էր, որ պատերազմը դադարեցվեր։ Եվ չնայած կրած վնասներին և պատասխանելու կարողությունների սահմանափակմանը՝ Իրանը կարողացել է հասնել իր առաջին նպատակին՝ պատերազմի դադարեցմանը։ Միանշանակ, եթե Իրանի հրթիռային կարողությունը չլիներ, Իսրայելը գնալու էր մինչև իր առավելագույն նպատակի իրագործմանը։ Բայց երաշխիք չկա, որ Իրանը կարող է հասնել իր երկրորդ նպատակին՝ զսպող ուժի վերականգնմանը։

-Այս բոլոր զարգացումներից հետո՝ ներառյալ 12-օրյա պատերազմը, Գազայում իրավիճակը, Հեզբոլլահի թուլացումը, Սիրիայի, որպես դաշնակից երկրի կորուստը, Իրանը հնարավորություն ունի՞ վերկանագնելու տարածաշրջանում իր նախկին դիրքերը։

-Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ։ Միջնաժամկետ և երկարաժամեկտ հեռանկարներում կապված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոննեի հետ։ Չեմ կարծում, թե տեսանելի ապագայում Իրանը կարող է վերականգնել այն ազդեցությունը, որն ուներ 2014-2024թթ․։ Ուստի, կարծում եմ, որ առաջիկայում  տարածաշրջանային հակադրությունը հիմնականում կընթանա Թուրքիայի և Իսրայելի միջև։

-Անդրադառնանք նաև ՌԴ դերկատարմանը։ Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնը թողնելուց հետո իր տված հարցազրույցներում բազմիցս նշել է, որ ՌԴ-ին ձեռնտու չէ Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը, և որ անգամ Մոսկվան փորձել է խոչընդոտել միջուկային բանակցությունների ընթացքը։ Ի՞նչ դերակատարաում ունի ՌԴ-ն ընթացիկ ճգնաժամում՝ հաշվի առնելով որ պատերազմի օրերին արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնեց ՌԴ։ Իրանն ի՞նչ ակնկալիքներ ունի Մոսկվայից։

-Այս պատերազմի ընթացքում ՌԴ մասին Իրանի իշխանական վերնախավի պատկերացումը շատ բացասական էր։ Իրանի և հատկապես ԻՀՊԿ հաշվարկն այն էր, որ Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ին աջակցելով, Իրանը կդառանա նրա գլխավոր գործընկերը, կուժեղացնի դիրքերը միջազգային ասպարեզում։ Երբ ՌԴ հետ Համապարփակ համագործակցության համաձայնագիրը կքնվեց, այնտեղ սպասելիքները ևս մեծ չէին,և, բնականաբար, Իրանը չուներ ակնկալիք, որ ՌԴ-ն, ի աջակցություն Իրանի, Իսրայելի դեմ պատերազմի մեջ է ներքաշավելու։ Բայց այն դիրքորոշումը, որ ՌԴ-ն որդեգրեց և անձամբ Պուտինը որդեգրեց, Իրանի ու իրանցիների համար շատ ցավալի էին։ ՌԴ-ն ուղիղ չի դատապարտել Իսրայելին, կամ լիակատար աջակցություն հայտնել Իրանին։ Չնայած այս տարիներին Իրանն ԱԹՍ-ներ էր մատակարարում՝ ՌԴ-ն ոչինիչ չի արել Իրանի օդուժը ուժեղացնելու համար: Այժմ Իրանում ձևավորվել է մոտեցում, որ Ռուսաստանը ռազմական-անվտանգային հարցում վստահելի գործընկեր չէ։ Իրանը սկսում է ավելի շատ կողմնորոշվել դեպի Չինաստան։ Իհարկե, պարզ չէ, թե դա որքանով կհաջողվի, բայց հիմա ավելի շատ շարժվում են Չինաստանի ուղղությամբ, և ՌԴ-ն դիտարկվում է որպես երկիր, որն առիթից օգտվելով իր շահերն է առաջ տանում։ Քանի որ սա ՌԴ համար ևս հնարավորություն է․ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի նման ՌԴ-ն էլ է ցանկանում, որ Իրանը թույլ լինի՝ կայուն, բայց թույլ, առանց միջուկային զենքի և միաժամանակ հակաարևմտյան գաղափարախոսությամբ։

-Հայաստանից շատ ուշադիր էին հետևում 12-օրյա պատերազմին, քանի որ Իրանը ՀՀ-ի կարևոր տնտեսական և քաղաքական գործընկերներից է, և այդ երկրում կամ դրա շուրջ ցանկացած զարգացում ուղղակի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Իրանը նաև այն հիմնական դերակատարներից է, որը բացահայտ դեմ է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Կարո՞ղ են արդյոք պատերազմն ու Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումը որևէ փոփոխություն առաջ բերել Թեհրանի դիրքորոշման մեջ։ Պատրա՞ստ է և ունա՞կ է Իրանը, ներքին ու արտաքին մարտահրավերների պայմաններում, շարունակել հետևողականորեն առաջ տանել իր մոտեցումը այս հարցում։

-Ղարաբաղյան պատերազմից և այն բանց հետո, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիան և ՌԴ-ն միջանցքի հարցում ընդհանուր շահ ունեն, Հարավային Կովկասի հանդեպ Իրանի ուշադրությունը մեծացել է։ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության հարցն Իրանն իր անվտանգության հարցն է սկսել համարել։ Բայց Իրանի համար միշտ նախընտրելի է եղել այս հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Իրանի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ նախազգուշացման և զսպման համադրված քաղաքականություն է. սահմանվել են կարմիր գծեր, տարվել է դիվանագիտական աշխատանք, և նույնիսկ անցկացվել են համատեղ զորավարժություններ՝ հակառակ կողմի հնարավոր սպառնալիքը նվազեցնելու նպատակով։ Բայց խնդիրն այն է, որ այդ վտանգը լրջորեն կա, և Իրանում էլ կան մտահոգություններ, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի ներկայիս թույլությունից՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։  Կարծում եմ՝ նախագահ Փեզեշքիանի վերջին այցը Ադրբեջան, որը շատ քննադատությունների արժանացավ Իրանում, Իրանի սահմանափակ հնարավորությունների մասին իրատեսական մոտեցումից էր բխում։ Իրանը փորձում է Ադրբեջանին զսպել փոխգործակցության միջոցով՝ և՛ ուղիղ դիվանագիտական կապով, և՛ անուղղակի՝ Թուրքիայի միջոցով։ 

Իրանում, առհասարակ, Ադրբեջանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան։ Ոմանք այդ քաղաքականությանը չափից դուրս մեղմ են համարում, հատկապես՝ այն չհաստատված լուրերի ֆոնին առ այն, որ Ադրբեջանի տարածքը ևս օգտագորվել է Իրանի դեմ։ Իրանում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Թեհրանը պետք է վճռական պատասխանի Ադրբեջանին, որպեսզի և՛ սահամանափակի Իսրայելի հետ համագործակցությունը, և՛ կանխի միջանցքի հարցում հնարավոր գործողությունները։ Բայց այստեղ կա Թուրքիաjի գործոնը։ Իրանի հիմնական անհանգստությունը ոչ թե Ադրբեջանն է, այլ հենց Թուրքիան՝ որպես տարածաշրջանային մեծ տերություն։ Իրանն այժմ ունի Թուրքիայի կարիքը։ Ուստի կարծում եմ՝ Իրանը փորձում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն աջակցելով և միաժամանակ դիվանագիտական ջանքերը շարունակելով՝ իրավիճակը վերահսկել դիվանագիտական ճանապարհով։ Իրանի ուշադրությունը հիմա առավել շատ կենտրոնացած է տարածքային ամբողջականության պահպանման վրա, և երկրից դուրս ցանկացած գործողություն լրացուցիչ ռիսկեր է պարունակում։